Գույքային ապահովագրությունն իրենից ներկայացնում է ապահովագրողների և ապահովադիրների միջև ապահովագրական
ծառայությունների մատուցման հարաբերությունների մի համակարգ, երբ ապահովադիրների գույքային շահերի պաշտպանությունը
կապված է գույքին տիրապետման, օգտագործման կամ տնօրինման հետ: Գույքային ապահովագրության գծով ապահովադիրներ կարող
են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք: Ապահովագրության այս տեսակի իրականացման ընթացքում գույք հասկացության տակ
անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ միայն կոնկրետ առարկան կամ իրը, այլ նաև իրերի, առարկաների և ապրանքների խմբեր:
Գույքային ապահովագրության նպատակը գույքի վնասման կամ կորստի դեպքում վնասի հատուցումն է: Ուստի ապահովագրության այս
տեսակի համար խիստ կարևորվում է ապահովագրվող գույքի գնահատումը և ապահովագրական գումարի սահմանումը:
Գույքային ապահովագրության պայմանագրով ապահովագրության ենթակա են ապահովագրվողին պատկանող կամ վարձակալության վերցված գույքը: